Արզնի առողջարան
«Արզնի առողջարան» հանգստավայրը բուժման և հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններով հագեցած մի ամբողջական կոմպլեքս է: Այն գտնվում է ծովի մակերևույթից 1250 մ բարձրության վրա, Երևանից 23 կմ դեպի հյուսիս, անտառով ու թփուտներով պատված ձորալանջին, որտեղից լսելի է Հրազդան գետի պարզ ու վճիտ խոխոջանքը:
Արզնիում կլիման ցամաքային է, ձմեռը մեղմ է (հունվարի միջին ջերմաստիճանը՝ -5 °C), ամառը՝ հաճելիորեն զով (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ +22 °C), աշունը տաք է ու երկարատև:
Արևային օրերը տարվա մեջ կազմում են 2236 ժամ: Պարզ օրերի քանակով «Արզնին» գերազանցում է Կովկասի բոլոր առողջարաններին: Մթնոլորտային ճնշումը կայուն է, առանց կտրուկ տատանումների և հավասար է 657 մմ սնդիկի սյան:
Առողջարանի հիմնական բուժիչ գործոնները հանդիսանում են ածխաթթվային, նատրիում-քլորիդակարբոնատային ջրերը, ինչպես նաև լեռնային տեղանքի կլիմայական պայմանները, որին բնորոշ է ցածր մթնոլորտային ճնշումը: Արդյունավետ բուժման համար առանձնակի նշանակություն ունեն հանքային ջրերում ածխաթթու գազի մեծ քանակությունը (1,25-2,0 գ/լ) և տարատեսակ հանքային տարրերի (8-10 գ/լ) առկայությունը: